Նա պատահաբար չէր ասում. «Մենք հպարտանում ենք մեր պարտությամբ» (հղումը՝ https://www.facebook.com/watch?v=865651409124021)՝ նա արտահայտում էր ազգի ճնշող մեծամասնության վերաբերմունքը տեղի ունեցածին:
Դարեր ի վեր, մենք այնքան էինք ընտելացել «պարտված» վիճակին, որ սկսել էինք կարծել, թե դա է մեր բնական վիճակը: Եվ, երբ վերջապես 92-94թթ. մի փոքրիկ ՀԱՂԹԱՆԱԿ ունեցանք՝ Արցախի ազատագրման տեսքով, ազգովի լցվեցինք նրա վրա՝ գլուխն ուտելու, որը հանդգնել էր խաթարել մեր «բնական վիճակը»:
ՈՒ արդեն 5 տարի «հանգիստ ենք», քանի որ վերադարձել ենք ի շրջանս յուր և մեզ գրեթե ոչինչ այլևս չի խանգարում վայելելու «մեր հպարտ պարտության» պտուղները՝ թուրքական և ադրբեջանական էժան ապրանքների տեսքով:
Ավելի քան արդար է, որ «պարտությամբ հպարտացող» հանրությանը առաջնորդում է «պարտություն կերտելու» բացառիկ ունակությունների տեր առաջնորդը, որն իր բերած պարտությունը անդառնալիության կետի հասցնելու անթաքույց նպատակ ունի: Վկան՝ «պարտությամբ հպարտանալու» գյոզալ մտքի հետ անհամաձայն վերջին ազգային ինստիտուտի՝ Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ նրա ձեռնարկած ստորագույն արշավն ու այն, ի վերջո, «հնազանդեցնելու» անթաքույց մոլուցքը:
Որ օրը հանրությունը հրաժարվի «պարտությամբ հպարտանալուց», հաջորդ իսկ օրը «պարտությամբ հպարտացող առաջնորդի» իզն ու թոզն այլևս գտնել չի լինի:
Հրաժարումն, ինչ խոսք «հասունացած է» և վաղ թե ուշ կպայթի, բայց առայժմ ունենք այն, ինչ ունենք՝ ինչքան էլ «տարատեսակ ձևերով» ազգային-պետական արժանապատվություն քարոզող նվիրյալները մեջտեղից կես լինեն:
Սա է իրականությունը:
Նվաստացուցիչ է:
Ամոթալի է:
Արդար է:
Արգամ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ
Հ.Գ.
Հայ ժողովուրդը դատապարտված է դուրս գալու այս ամոթալի և նվաստացուցիչ վիճակից:
Ցանկացած գնով: